«Հեռուստադիտողը, երևի, մոռացել է իմ «մութ անցյալը»»․ Հռիփսիմե Սարգսյանը՝ նոր հերոսուհու, Կարեն Ասլանյանին առաջին հայացքից համակրելու և պլաստիկ վիրահատությունների դիմելու քննարկումների մասին

Քաղաքականություն

«Մոր խոստումը», «Շիրազի վարդը» հեռուստասերիալներից լայն լսարանին հայտնի դարձած դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանն «Օջախի երգը» հեռուստասերիալում հնարավորություն ունեցավ ներկայանալ բոլորովին այլ տեսանկյունից։ Մինչև այս բացասական կերպարներ խաղացած դերասանուհին, հիմա ֆիլմի հերոսուհին է՝ բարի, անմեղ աղջիկ, որի սիրային գիծը ձևավորվում է սերիալներում սրտակեր համարվող դերասան Կարեն Ասլանյանի հետ։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Հռիփսիմեի հետ նոր դերի, Կարեն Ասլանյանի հետ հարաբերությունների և ոչ միայն դրա մասին։ Երիտասարդ աղջկան արհեստական շատ միջամտություններ են վերագրում, որոնց մասին ևս խոսել ենք։

Հանգստանալուց էլ հոգնեցի Հունվարին մեզ տված հարցազրույցում Հռիփսիմեն ասել էր, որ սպառվել է, դադար կվերցնի։ Ամիսներ անց, սակայն, նրան տեսանք նոր նախագծում։ Ասում է՝ մի քանի ամիսը բավական էր հանգստանալու, կարոտելու և սիրելի աշխատանքին վերադառնալու համար։ «Այն ժամանակ ինձ հանգիստ էր անհրաժեշտ: 2 տարի աշխատել էի առանց դադարի, 2 նախագծի միջակայքում նույնիսկ 1 օր չէի հանգստացել։ Պատերազմն ու պանդեմիան էլ էին սպառել բոլորիս։ Այս ընթացքում հասցրեցի մի քանի առաջարկ մերժել։ Մոտ վեց ամիս հանգստացա, բայց հանգստանալուց էլ հոգնեցի: Աշխատել է պետք:

Դերասանի մասնագիտության համար սա նորմալ երևույթ է՝ մեկ ուժեղ ցանկություն է լինում աշխատելու, մեկ էլ՝ սարսափելի հոգնություն՝ ճիշտ տարվա եղանակների պես: Հիմա գարուն է, ես էլ լեցուն եմ նոր կորովով, ստեղծագործելու մեծ ցանկությամբ»,– ասաց նա։ Կերպարներիս կոնտրաստը շատ հետաքրքիր էր Նոր կերպարը Հռիփսիմեին շատ է ոգեշնչել․ առաջին անգամ է խաղում դրական հերոսուհու։ Դերասանուհին նաև առաջին անգամ է մարմնավորում ֆիլմի հերոսուհուն, բայց նկատեց, որ ժամանակակից սերիալարտադրության մեջ սցենարի շեշտադրման փոփոխություններ կան․ այլևս չկան գլխավոր 1 հերոս և հերոսուհի, կա գլխավոր դերասանների խումբ, սցենարը պարբերաբար կենտրոնանում է այս կամ այն կերպարի վրա։

«Այս առումով ինձ համար խնդիրը ոչ թե երկրորդական ու գլխավոր դեր խաղալն է, այլ կերպարի բնավորությունը։ Իմ նոր կերպարի բարությունն ու անմեղությունն ինձ գրավեցին, որովհետև նախորդ նախագծում բացասական կերպար էի խաղացել։ Այդ կոնտրաստը շատ հետաքրքիր էր։ Սա ինձ պատահած ամենադրական կերպարն է: Գեղեցիկ հոգով, առաքինի, ցավը ճանաչող, ազնիվ, բարի, խելացի աղջիկ է: Իսկական արև է՝ Արևիկս լույսի շող շրջապատող խավարի մեջ»,– ասաց նա։ Հեռուստադիտողը, երևի, մոռացել է իմ «մութ անցյալը»

Որպես կանոն՝ լսարանը նույնացնում է դերասանին իր կերտած կերպարի հետ։ Բացասական դեր խաղացողները, երբեմն, նույնիսկ անեծքների են արաժանանում։ Հռիփսիմեից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է բարդ լսարանի մոտ բացասական կերպարով տպավորվելուց հետո դրական դերում համոզիչ լինելը։ «Ի զարմանս ինձ՝ նախորդ կերպարս շատ էր տպավորվել հասարակության մեջ։ Մարդիկ ինձ ընկալում էին որպես Շողեր, բայց ոչ մի դերասան չի ցանկանում, որ իրեն նույնացնեն կերպարի հետ։ Միաժամանակ, հասարակությունը շատ հեշտ է ընդունում դերասանին, հեշտությամբ էլ կարող է մոռանալ, հատկապես, հեռուստասերիալների դեպքում․ դու այսօր հասարակության ուշադրության կենտրոնում ես, վաղը կարող ես չլինել։

Հեռուստադիտողը, երևի, մոռացել է «իմ մութ անցյալը», նոր կերպարս շատ–շատ է սիրվել նրանց կողմից։ Դա ասում եմ հաշվի առնելով մեկնաբանությունները, ինձնից չեմ հորինում։ Ինձ մոտ, երևի, ստացվել է ցույց տալ այդ անմեղությունը, պարզությունը, բարի մարդու ողբերգությունը»,– ասաց նա և հույս հայտնեց, որ լավ արձագանքները կշարունակվեն։ Ես ու Կարեն Ասլանյանն առաջին հայացքից համակրել ենք իրար Դերասանուհու հիմնական խաղընկերը Կարեն Ասլանյանն է։ Նրանց զույգն արդեն հասցրել է սիրվել։ Ասում է՝ կադրից դուրս էլ շատ լավ հարաբերություններ ունեն։

«Չգիտեմ՝ Կարենն ինչ է արել հասարակությանը, բայց հասարակությունն ուղղակի պաշտում է նրան։ Ինձ վրա էլ է տարածվում այդ սերն ու ուշադրությունը։ Իհարկե, ավելի հաճելի է, երբ զույգն ընդունված է հասարակության կողմից և երկուսիս համար էլ ավելի շահեկան։ Ես ու Կարենն առաջին հայացքից համակրել ենք իրար։ Նա շատ–շատ է օգնում ինձ։ Մեր հարաբերությունները հրաշալի են։ Իրար ճանաչում էինք ուսանողական տարիներից։ Առհասարակ, մեզ բոլորիս ծանոթացրել է Թատերական ինստիտուտը։ Եթե չենք հասցրել ուսանողական տարիներին հիմար ու մանկական վեճերով, խարդախություններով փչացնել մեր ընկերությունը, հիմա ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Ես ու Կարենը չենք ունեցել այդ վատ փորձառությունը։

Պարզապես ծանոթներ ենք եղել, միշտ քաղաքակիրթ բարևել եք իրար»,– ասաց նա ու խոստովանեց, որ կան մարդիկ, որոնց հետ ուսանողական տարիներին ինտրիգային հարաբերություններ են ձևավորվել, բարեբախտաբար, նկարահանման հրապարակում նրանց չի հանդիպել։ Ասում է՝ կազմում բոլորի հետ հիանալի հարաբերություններ ունեն, ինչը նպաստում է աշխատանքին։ Միաժամանակ Հռիփսիմեն նկատեց, որ կարող է սեր խաղալ՝ անկախ նրանից, թե կադրից դուրս ինչ հարաբերութուններ ունի մարդու հետ․ «Ինձ համար տարբերություն չկա՝ ով է իմ խաղընկերը։ Ես բոլորի հետ կարող եմ խաղալ։ Մեր ուսուցիչները մեզ ասում էին, որ վարպետություն է խաղալը՝ անկախ նրանից՝ քեզ դո՞ւր է գալիս խաղընկերդ, թե՞ ոչ, զգո՞ւմ եք իրար, թե՞ ոչ, դերասանական տարբե՞ր դպրոցների կրող եք, թե՞ ոչ, ոչինչ կարևոր չէ․ ամեն դեպքում պիտի կարողանաս լավ կերտել կերպարդ»։

Կյանքը գեղեցիկի և սիրո մասին է Հռիփսիմեն ու Արևիկը շատ տարբեր են իրենց արտաքին դրսևորումներով։ Հռիփսիմեն սիրում է աչքի ընկնող հագուստ, շպար, Արևիկը՝ ճիշտ հակառակը։ Ըստ դերասանուհու՝ այս փաստը ևս գրավիչ էր իր համար։ «Կերպարս արտաքնապես շատ է տարբերվում ինձնից՝ հնարավորինս քիչ գրիմ, շատ հասարակ հագուստ։ Դա ինձ շատ է դուր գալիս, որովհետև սիրում եմ էքսպերիմենտեր։ Դերասանի համար յուրաքանչյուր էքսպերիմենտ պետք է ոգևորող լինի»,– նկատեց նա։ Երբ Հռիփսիմեն նոր էր հայտնվել էկրաններին, շատերը նրան ընկալում էին որպես Ինստագրամի գլամուրային աղջիկ, հետո հնարավորություն ունեցան բացահայտելու ստեղծագործող, խորը հոգով աղջկա։ Առհասարակ, այս երկուսը հակադրության մեջ են դրվում։ Իր օրինակով Հռիփսիմեն փորձում է ցույց տալ, որ այդ հատկանիշները կարող են համատեղելի լինել։

«Ես սիրում եմ էպոտաժային հագնվել, առօրյայում իմ հագուստն իրոք աչքի ընկնող ու արտիստիկ է։ Այլ կերպ հագնվել չեմ կարող, որովհետև դա ևս ինքնարտահայտման տարբերակ է։ Ես սիրում եմ ստեղծագործել, գրել, կարդալ, տարբեր ֆիլմեր դիտել, սիրում եմ այն ամենը, ինչ կապված է արվեստի ու ստեղծագործելու հետ։ Ցանկանում եմ խրախուսել բոլոր գեղեցիկ աղջիկներին լինել այնպիսին, ինչպիսին իրենք են զգում, ունենալ առողջ ու գեղեցիկ հոգում առողջ ու գեղեցիկ մարմին։ Ինչպես ասում է Չեխովը՝ մարդու մեջ պետք է գեղեցիկ լինի ամեն ինչ՝ և՛ դեմքը, և՛ հոգին։ Կյանքը գեղեցիկի և սիրո մասին է։ Դա նորմալ է, աննորմալն այն է, երբ մարդը լճանում է։ Իմ կերպարով փորձում եմ խրախուսել չմնալ «տիկնիկի» պիտակի մեջ, ունենալ ավելի մեծ նպատակներ, լինել ստեղծագործ և խելացի։

Հասարակությունը շատ կարծրատիպային է, բայց ինչի՞ համար են արվեստագետները, եթե ոչ կարծրատիպեր կոտրելու, ինչ-որ բան սովորեցնելու, գուցե, կրթելու»,– ասաց նա։ Երբ տեսախցիկներն անջատվում են, մնում ես առանց շպարի՝ քո հայելու առաջ և ունես շատ կոմպլեքսներ Հռիփսիմեին բազմաթիվ արհեստական միջամտություններ են վերագրում։ Նա վստահեցնում է, որ որևէ փոփոխություն չի արել։ Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, նա էլ ունի իր բարդույթները։ «Ես գոհ եմ իմ արտաքնի ընդհանուր կոկիկությունից, կերպարներիցս, զգեստներիցս, որոնք ստացել եմ ոճաբանների հետ աշխատելով, բայց եթե կենտրոնանամ կոնկրետ դետալների վրա, բոլորս ունենք կոմպլեքսներ, դերասանուհիները՝ հատկապես։ Ինձ շատ են հարցնում՝ ինձ գեղեցիկ, կրքոտ համարո՞ւմ եմ։ Պատասխանս է՝ ոչ։ Որովհետև

այս կերպարից դուրս, երբ տեսախցիկներն անջատվում են, դու մնում ես առանց շպարի, լույսերի՝ քո սենյակում քո հայելու առաջ և ունես բոլոր կոմպլեքսներն ու դժգոհությունները, որոնք մարդ կարող է ունենալ,– ասաց նա, միաժամանակ շեշտեց, որ իր արտաքնում որևէ վիրահատական կամ էսթետիկ միջամտություն չի արել։ –Շատ են ասում, որ դեմքս ձգել եմ, աչքերս բարձրացրել եմ, քիթս վիրահատել եմ, այտոսկրերս ներարկել եմ, շուրթերս լցրել եմ։ Իրականում ոչ մի բան էլ չեմ արել։ Ամեն ինչ կախված է ոճաբանից, դիմահարդարից, լույսից, որոնց օգնությամբ կարելի է փոխել դեմքը։ Վրդովվեցուցիչ է, երբ մարդուն փորձում են համոզել, որ վիրահատական միջամտությունների է դիմել, մինչդեռ նման բան չկա։ Ինձ համար դա մեկ ծիծաղելի է, մեկ էլ շատ է նյարդայնացնում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *